ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Կա՞ արդյոք քավարան

Կա՞ արդյոք քավարան
26.11.2013 | 10:20

(սկիզբը՝ այստեղ)

ՏԵՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ Մալխասյանցի բառարանի՝ «տեսանողներ» կոչվում են ապագան կամ անտեսանելի բաները տեսնողները, նաև մարգարեները։ Այս մարդկանց մասին կան բազմաթիվ վկայություններ Հին ու Նոր կտակարաններում, չնայած Նորում ավելի քիչ են գրում մարգարեների մասին, բայց դա դեռևս չի նշանակում (ինչպես որ շատերն են կարծում), թե այդպիսիները դադարել են գոյություն ունենալուց, մանավանդ Պողոս առաքյալը գրել է. «Մի՛ մարեք Հոգին, մի արհամարհեք մարգարեությունները, քննեցե՛ք ամեն բան, բարին ամո՛ւր պահեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղոն. 5.20)։ Այսինքն, ըստ սրբազան առաքյալի, ոչ թե անմտաբար պետք է մերժենք յուրաքանչյուր մարգարեություն, այլ պարտավոր ենք Աստծո խոսքով քննելու դրանք ու բարին և օգտակարը ամուր պահելու, քանզի այն Աստված է տվել։
Հիմա այդպես էլ վարվելու ենք, և անցած դարի տեսանողների, և այժմ էլ շարունակվող տեսիլքների ու մի քանի մարգարեությունների մասին պիտի խոսենք, մեր նյութի վերաբերյալ,այսինքն՝ անդրաշխարհում գտնվող հոգիների վիճակների մասին։

ՄԵՋՈՒԳՈՐԻԵԻ ՏԵՍԱՆՈՂՆԵՐԸ
Մեջուգորիեի տեսանողների մասին կարծում եմ, որ շատերը գիտեն, քանի որ մեր սրբասուրբ Տիրամայրը տարիներով երևացել է նախկին Հարավսլավիայի Մեջուգորիե գյուղի մի քանի երեխաների:
Տեսանողների երևումների մասին գրառող միանձնուհիներից մեկը Մեջուգորիե այցելող ուխտավորներին սիրում էր հետևյալ հարցը տալ. «Ձեզնից ո՞վ է վստահ, որ անպայման քավարան կընկնի»։ Արդյունքը աղետալի է լինում. համարյա բոլորը բարձրացնում են ձեռքերը։
Հետո ես նրանց պատմում եմ Վիցկա տեսանողի արած վկայությունը, որից հետո շատերի մեջ վերանում է այնտեղ լինելու ցանկությունը։ Ահա այդ վկայությունը։
«Դրախտից հետո Տիրամայրը մեզ տարավ տեսնելու քավարանը։ Դա շատ խավար տեղ էր, ու մենք համարյա ոչինչ չէինք կարողանում տեսնել, որովհետև այնտեղ գորշավուն ծուխ էր, շատ խիտ ու մոխրագույն։ Մենք զգացինք, որ այնտեղ շատ մարդիկ կային, բայց դեմքերը հնարավոր չէր տեսնել ծխի պատճառով։ Բայց լսվում էին նրանց տնքոցներն ու բղավոցները։ Նրանք շատ էին ու բոլորը տառապում էին։ Լսվում էին նաև իրար վրա բղավելու ձայներ, կարծես մարդիկ խավարում բախվում էին միմյանց։ Տիրամայրը ասաց մեզ. «Տեսե՛ք, ինչպես են մարդիկ տառապում այստեղ։ Նրանք սպասում են ձեր աղոթքներին, որ երկինք գնան»։
Հետո Վիցկան ուրիշ բաներ պատմեց քավարանի մասին, ու ինձ շատ զարմացրեց, որ այնտեղ կային մարդիկ, որոնք հանձնվել էին Աստծուն. վանականներ ու նույնիսկ քահանաներ։ Ես հարցրի Տիրամորը, թե ինչպե՞ս է այդ հնարավոր, որ նրանք քավարանում լինեն։ Նա պատասխանեց. «Այո՛, այդ մարդիկ իրենց ընծայեցին Աստծուն, բայց նրանց կյանքում բացակայում էր սերը, ահա թե ինչու են նրանք քավարանում»։
Մինչ մենք կթողնեինք քավարանը, Տիրամայրը համառորեն խորհուրդ էր տալիս մեզ ամեն օր աղոթել այդ հոգիների համար։
Ես հարցրի Վիցկային. «Իսկ դու այդ տանջվող մարդկանց հանդեպ լցվեցի՞ր խղճահարությամբ, ինչպես որ երկնքում գտնվողների ուրախությունը զգացիր»։
Նա պատասխանեց. «Այդ ժամանակ Գոսպան (այսինքն՝ Տիրամայրը) հատուկ շնորհի զորություն տվեց, որ կարողանայինք դիմանալ այնտեղ։ Առանց այդ զորության անհնար կլիներ այդ։ Մի բան է՝ մտածել քավարանի մասին, մի այլ բան՝ տեսնել։ Այսօր ես մեծ տխրություն եմ զգում, երբ մտածում եմ այդ տառապող հոգիների մասին, ես աղոթում եմ նրանց համար, որովհետև բնական է, ուզում եմ, որ բոլորը երկինք գնան։ Բայց այդ պահին ես յուրահատուկ զորություն զգացի՝ միակը իր տեսակի մեջ. միայն այնտեղի իրավիճակում։
Ամենից լավ է, իհարկե, քավարանից խուսափել»։
-Ի՞նչ ես կարծում, կարելի՞ է արդյոք մահից հետո առանց քավարանի դրախտ ընկնել։
-Հարկավոր է վստահաբար հանձնվել Աստծուն. մեզնից ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին։
Ինձ թվում է՝ հարկավոր է քիչ-քիչ վաստակել դա այստեղ, երկրի վրա։ Վաստակել և ոչ միայն այդ, քանի որ ամեն ինչի համար Տերը հարցնելու է մեզ։
-Խնդրում եմ պատասխանես ևս մի քանի հարցի ապաշխարության մասին։ Ինչպես գիտես, Տիրամայրը ձեզ հրավիրել է սրբության ճանապարհով գնալ. ոմանք նույնիսկ երկյուղում են նման պատասխանատու առաջադրանքից։ Քո կարծիքով՝ դժվա՞ր է սուրբ դառնալը, ի՞նչ է հարկավոր, որ այդպիսին լինես։
-Ո՛չ, իրականում դա այնքան էլ դժվար չէ։ Այսօր, երբ Աստվածամայրը մեզ կոչում է սուրբ լինելու, սրբության ուղիով գնալու, շատ մարդիկ մտածում են. «Ինչպե՞ս կարող եմ սուրբ լինել»։ Բայց Աստվածամայրը մեզ չի խնդրում, որ սուրբ լինենք ինչ-որ անսովոր կատարելության միջոցով, ինչպես, օրինակ, սուրբ Անտոնը։ Ավելի շուտ Տիրամայրը մեզ հրավիրում է պարզության ճանապարհի, որպեսզի ջանանք սրբությամբ ապրել ամեն օր, ու Նա միաժամանակ փորձում է մեզ հասկացնել, որ սրբությունը առանց աղոթքների ու բարի գործերի չի լինում։ Բացի այդ, նա հասկացնում է, որ մեկը առանց մյուսի չի լինում։ Մենք պետք է մեր սրբությունը Աստծուց խնդրենք որպես շնորհ, ճիշտ այնպես, ինչպես խնդրում ենք հավատի շնորհի համար, նույնպես և պետք է խնդրենք սրբության շնորհի համար։ Ցանկանալով սրբության ճանապարհով առաջ գնալ, մենք չպետք է սահմանափակվենք ամբողջ օրվա ընթացքում միայն աղոթք անելով։ Դրանից բացի, մենք պետք է «լսենք» մեզ շրջապատող մարդկանց կարիքները, ջանանք օգնել նրանց. սրբությանը պետք է հասնել ամեն հնարավոր միջոցներով։ Սրբությունը աճում է աղոթքներով, բայց ճիշտ այդպես այն զորանում է, երբ մենք օգնում ենք մյուսներին մեր անձնուրացությամբ ու մեր տառապանքներով։ Նման վարքը տանում է նրան, որ մենք անընդհատ առաջ ենք գնում ու առավել հստակ ենք հասկանում, թե ինչ է սրբությունը։
-Ստացվում է, որ սուրբ կարելի է դառնալ՝ ապրելով սովորական կյանքո՞վ։
-Հե՛նց այդպես. սովորական կյանքով։
-Իսկ ընտանիքի մայրը նո՞ւյնպես կարող սուրբ դառնալ։
-Դե, իհարկե, չնայած նա շատ է զբաղված իր ընտանիքով, միևնույն է, նա պետք է իր ընտանիքը հանձնի Աստծուն ու ասի. «Ես ուզում եմ, որ մենք միասին, ամբողջ ընտանիքով աճենք սրբության ճանապարհին»։ Պատգամները, որ տալիս է մեզ Տիրամայրը, հենց դա՛ է սրբության ճանապարհը։ Փորձելով դրանցով ապրել, մենք առավել լավ ենք հասկանում, թե ինչ է սրբությունը։
-Նշանակում է, մենք բոլորս անխտիր կարող ենք սո՞ւրբ դառնալ, քայլելով այն ճանապարհով, որ մեզ արդեն ցույց է տվել Աստծո Մայրը։
-Բոլո՛րը, բոլո՛ր նրանք, ովքեր այն կցանկանան։
Հաճախ (բայց ոչ անպայման) քավարանի հոգիները իմանում են, թե ով է իրենց համար աղոթել։ Իսկ եթե աղոթում են այն հոգու համար, որն արդեն երկնքում է, Աստված այդ աղոթքը օգտագործում է այլ հոգիների համար, որոնք հավիտյան շնորհակալ կլինեն մեզ։
Իսկ մի անգամ Տիրամայրն ասել է. «Եթե դուք ամբողջովին հանձնվեք Ինձ, ապա դուք չեք զգա այս կյանքից այն կյանք անցումը. դուք կսկսեք ապրել երկնային կյանքը արդեն երկրի վրա»։
Անհրաժեշտ փաստագրում. «Քավարանում տարբեր աստիճաններ կան. ամենացածրը ամենամոտն է դժոխքին, ամենաբարձրը մոտենում է դրախտին։ ՈՒ ոչ թե Հոգիների օրը (կաթոլիկ եկեղեցական տոն է- հեղ.), այլ Հիսուսի Ծննդյան տոնին են շատ հոգիներ լքում քավարանը։ Կան հոգիներ, որոնք ջերմեռանդորեն աղոթում են Աստծուն, բայց նրանց, ում համար երկրի վրա չեն աղոթում հարազատները, Տերը թույլատրում է օգտվել ուրիշների համար կատարված աղոթքներից։ Աստված թույլ է տալիս տարբեր կերպ իրենց մասին արտահայտվել հարազատներին, որպեսզի հիշեցնեն քավարանի մասին ու խնդրեն աղոթել Աստծուն՝ Արդարին ու Բարուն։ Մարդկանց մեծամասնությունը գտնվում է քավարանում, շատերն են դժոխք գնում և շատ քչերը՝ ուղիղ դեպի դրախտ» («Տիրամոր կանչը»)։

ՊԱՏԳԱՄ ՏԻՐՈՋԻՑ ՔԱՎԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
(Մեջբերված «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքից)
«Եթե միայն իմանայիր, թե ինչքա՜ն հոգիներ են տանջվում քավարանում... Ազատի՛ր նրանց քավարանից, որ նրանք կարողանան գալ Ինձ մոտ։ Նրանք անձկալով փափագում են Ինձ հետ լինել և աղաչում են այդ մասին, բայց չեն կարող՝ իրենց հոգիների վրա եղած բծերի պատճառով։ Ազատի՛ր նրանց աղոթքներով ու զոհաբերություններով. ազատագրի՛ր նրանով, որ Ինձ սիրում ես, երկրպագում ես Ինձ, ազատագրի՛ր նրանց այն բանով, որ քեզ կապում ես Ինձ ու Իմ Խաչին, ազատագրի՛ր նրանց սիրո գործերով, ազատագրի՛ր նրանց այն բանով, որ Ինձ հետ կիսում ես Իմ չարչարանքները։ Այդ հոգիները կարոտում են Ինձ, որովհետև որպեսզի նորից լինեն Ինձ հետ կապված և հավիտյան, նրանց նախ հարկավոր է մաքրվել մինչ կլինեն Իմ Ներկայության մեջ։
-Տեր, Դու ասացիր՝ «... նորից լինել Ինձ հետ կապված». արդյո՞ք նրանք մահից հետո ինչ¬որ ժամանակ կապված են եղել Քեզ հետ։
-Ես ազատագրել եմ նրանց հոգին մարմնից, Ես ցույց եմ տվել նրանց Իմ Սուրբ Դեմքը ընդամենը մի վայրկյան, և այդ պահին նրանց աչքերից ընկել է փառը, նրանք կանգնեցին Իմ առջև, տեսան Ինձ Իմ Մաքրության մեջ ու Իմ Լույսի ներքո, տեսան Ճշմարտությունը դեմ առ դեմ և գիտակցեցին, թե ինչքան աղտոտված է իրենց հոգին մեղքով, և, չնայած իրենց այրող ցանկությանը՝ ընկնել Իմ բաց գրկում ու հետևել Ինձ, նրանք հասկացան, որ դա անհնար է մինչ իրենց հոգիների մաքրությունը։ Դրա համար նրանք վշտի սուր ցավով հետ են ընկրկում և պատրաստվում նրան, որ մաքրվեն։ Այդ աննկարագրելիորեն տանջում և այրում է նրանց, որովհետև չեն կարող տեսնել Ինձ։ Իմ բացակայությունը այրում է նրանց, և քավարանում նրանց մեծագույն տառապանքը Իմ բացակայությունն է։ Նրանք կրում են այլ տեսակի տառապանքներ կրակից՝ կախված իրենց մեղքերից։
Արարվա՛ծներ, պատրաստեցե՛ք ձեր հոգին նախապես, մի՛ սպասեք նրան, որ մահը խավարեցնի ձեզ, մաքուր և անբիծ պահե՛ք ձեր հոգին։ Կերակրվե՛ք Իմ Մարմնով և ըմպե՛ք Իմ Արյունը ինչքան հնարավոր է հաճախ։ Հաճախ ապաշխարեք, նախապատրաստված եղե՛ք այդ օրվան։ Պահեցողություն արե՛ք, պահեցողությունը օգնում է ձեզ։ Լսե՛ք Իմ ձայնը ու նախապատրաստե՛ք ձեր հոգին, որպես թե մեր հանդիպումը պետք է կատարվի հենց այդ օրը։ Մի՛ սպասեք, սպասումը երազ է, սպասել նշանակում է ձեր ճրագները առանց յուղի թողնել։ Պատրա՛ստ եղեք ձեր Փրկչին դիմավորելու։ Ես բոլորիդ խենթության աստիճանի եմ սիրում։ Ըմբռնե՛ք, թե Իմ Անչափելի Ողորմությամբ ինչ եմ ձեզ բոլորիդ համար նախապատրաստել. ՀԻՍՈՒՍ»։
Կարծում եմ՝ այսքանից հետո ավելացնելու ոչինչ չի մնում, այլ յուրաքանչյուր ոք թող աղոթքով հասկանա այսչափ կարևոր հոգևոր խորհուրդը և ինքն էլ նախապատրաստվի յուրաքանչյուր մահկանացուին սպասվելիք անխուսափելի գալիքին:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ